Շագանակագեղձի բորբոքում — Շագանակագեղձը տղամարդու միզասեռական գեղձամկանային կենտ օրգան է: Նման է շագանակի, երկարությունը 3-4սմ, լայնությունը 3-5սմ։ Այն գտնվում է փոքր կոնքում՝ միզապարկից ներքև. նրա մեջ են բացվում սերմնատար խողովակները, նրա միջոցով անցնում է մեզը:

Այն ունի միզապահության ֆունկցիա, քանի որ նրա սահմաններում` վերևից և ներքևից, գտնվում են երկու միզային փականները, որոնք պատասխանատու են այդ ֆունկցիայի համար:

Որպես գեղձ` նա արատադրում է արտազատուկ, որն ապահովում է սերմնաբջիջների կենսունակության միջավայրը: Այդ արտազատուկի հիմնային միջավայրի շնորհիվ սերմնաբջիջը հաղթահարում է  հեշտոցի թթվային պատնեշը և տեղափոխվում արգանդի խոռոչ: Շագանակագեղձի արտազատուկն ունի նաև մանրեասպան հատկություն: Իսկ որպես մկան՝ նրա կծկմամբ տեղի է ունենում սերմաժայթքումը:

Նաև կարևոր է նշել, որ սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են անմիջական կապ ունենալ շագանակագեղձի հիվանդությունների հետ, քանի որ գեղձի մակերեսով են անցնում առնանդամի անոթներն ու նյարդերը:

 

Ըստ Ամերիկյան առողջապահության ինստիտուտի տվյալների՝ տարբերում ենք շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտի) 4 կատեգորիա

  • Կատեգորիա I — Սուր պրոստատիտ
  • Կատեգորիա II – Խրոնիկական բակտերիալ պրոստատիտ
  • Կատեգորիա III -Խրոնիկական պրոստատիտ/Խրոնիկ կոնքային ցավի համախտանիշ
    • Կատեգորիա IIIա — Խրոնիկական պրոստատիտ/Խրոնիկ կոնքային ցավի համախտանիշ բորբոքման նշաններով
    • Կատեգորիա IIIբ — Խրոնիկական պրոստատիտ/Խրոնիկ կոնքային ցավի համախտանիշ , առանց բորբոքման նշանների
  • Կատեգորիա IV – Ասիմպտոմատիկ (առանց կլինիկական նշանների) խրոնիկական պրոստատիտ։

Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ) հաճախակի համակցվում է ուրեթրիտի (միզուկի բորբոքման), վեզիկուլիտի (սերմնաբշտերի բորբոքման), ցիստիտի (միզապարկի բորբոքման), իսկ տարեցների մոտ շագանակագեղձի ադենոմայի կամ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի հետ։

Տարբերում ենք պրոստատիտի առաջացման երկու հիմնական պատճառ՝

  1. Ոչ ինֆեկցիոն (կանգային) – ( իմունիտետի անկում, հիպոթերմիա, ֆիզիկական ակտիվության նվազում, նստակյաց ապրելակերպ, երկարատև սեռական ժուժկալություն (воздержание), ալկոհոլի չարաշահում։
  2. Ինֆեկցիոն – (Ինֆեկցիաներ որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով) երբ հարցուցիչը անցնում է շագանակագեղձի հյուսվածքի մեջ – միկրոբներ, վիրուսներ, բակտերիաներ, սնկեր և այլն:

Շագանակագեղձի բորբոքման առաջացմանը կարող են նպաստել՝ կոնքի վնասվածքները, կոնի օրգանների արյան և լիմֆո շրջանառության խանգարումները, հորմոնալ փոփոխությունները (հարաբերական կամ բացարձակ անդրոգենային անբավարարություն)։

Շագանակագեղձի բորբոքման նշաններն են ՝

  • Միզարձակության խանգարումներ, մեզի շթի թուլացում, դժվարացած կամ ցավոտ միզարձակություն, ընդհատումներով միզարձակություն, հաճախամիզություն։
  • Միզապարկի շրջանում ցավի առկայություն, որը ճառագայթում է դեպի ամորձիներ, շեք կամ ուղիղ աղիք։
  • Սեռական դիսֆունկցիա
  • Էյակուլյացիայի խանգարումներ, սերմի փոփոխություններ (ծավալի, մածուցիկության)

Սուր պրոստատիտ

Շագանակագեղձի սուր բորբոքումը ժամանակ լինում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում (մինչև 40 աստիճան), դող, սարսուռ։ Սուր պրոստատիտը ուղեկցվում է սուր ցավերով միզապարկի, շեքի, աճուկային և ամորձիների շրջանում, միզուկից արտադրություն, հաճախակի միզարձակություն։

Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում կարող են առաջանալ բարդություններ, ինչպիսիք են միզակապություն, շագանակագեղձի թարախակույտի ձևավորում, սեպսիս։ Սուր պրոստատիտի դեպքում բուժումը անհրաժեշտ է ստանալ շտապ կարգով և հիվանդանոցային պայմաններում։

Խրոնիկական պրոստատիտ (Շագանակագեղձի բորբոքում)

Խրոնիկական պրոստատիտը հանդիպում է տղամարդկանց 20-45%-ի մոտ։ Շագանակագեղձի խրոնիկական բորբոքման ժամանակ կլինիկական նշանները լինում են թույլ արտահայտված և լինում է սիմպտոմների աղավաղված պատկեր։ Եթե կլինիկական նշանների պահպանվում են 3 ամսից ավել, այդ դեպքերում պրոստատիտը փոխանցվում է խրոնիկական փուլ։ Խրոնիկական պրոստատիտը լինում է բակտերիալ և աբակտերիալ։ Խրոնիկական պրոստատիտը կարող է ընթանալ առանց որևէ կլինիկական նշանների, որոնք կարող են իհայտ գալ իմունիտետի անկման, մրսածության կամ ալկոհոլի չարաշահման հետևանքով։

Բուժում

Բուժման ժամանակ նշանակվում է հակաբակտերիալ, հակաբարբոքային, միզուղիների անցանելիությունը վերականգնող դեղորայք։ Բուժման բացակայության դեպքում խրոնիկական պրոստատիտը հանդիսանում է շագանակագեղձի ադենոմայի ռիսկի գործոն։ Բուժումը իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Ցավոք սրտի հաճախակի են դեպքերը, երբ հիվանդները ինքնաբուժման են դիմում և որպես կանոն այդ դեպքերում բուժումը ոչ արդյունավետ է լինում։  Նշանակվում է սննդակարգ (բացառելով սուր կերակրատեսակները և ալկոհոլային խմիչքները), դեղանյութեր և ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ: (Շագանակագեղձի բորբոքում)

Կանխարգելում
Պրոստատիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին և լրիվ բուժել միզուկի, միզապարկի բորբոքային հիվանդությունները և կանոնավոր հետևել աղիների գործունեությանը: Նստակյաց աշխատողներին խորհուրդ է տրվում ոտքով զբոսնել, զբաղվել սպորտով` վազքով, լողով, թենիսով: