Ուրոլոգ Ազատ Չախոյան
Հարց բժշկին
Ի՞նչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:
Պատասխան
Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։
Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը:
Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նախատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։
Ի՞նչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում
Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝
- հաճախամիզության,
- դժվարամիզության,
- ցավ միզելու ժամանակ,
- միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում,
- միզակապություն:
Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։