Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում, միզապարկում և երիկամներում:

Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը, սակայն Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը:

Ապացուցված է՝ ծխելը մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը և արդյունքում միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն, այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող (միզապարկը ամբողջությամբ չդատարկող) պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար-բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա և արդյունքում առաջացնում միզապարկի քաղցկեղ:

Առհասարակ ուռուցքային գոյացությունների մեծ մասը սկզբնական փուլերում, որևէ գանգատ չի առաջացնում և հիվանդները դիմում են բժշկի հիմնականում այն դեպքերում, երբ այդ գոյացությունը տարածված է լինում։ Միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները ևս որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում:

Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվել: Արյունամիզություն կարող է առաջանալ երիկամներ, միզուղիների, շագանակագեղձի չարորակ և բարորակ ուռուցքային հիվանդությունների ժամանակ։ (միզապարկի քաղցկեղ)

Արյունամիզությունը դա վտանգավոր կլինիկական նշան է, որի դեպքում պետք է հետազոտել և գտնել արյունամիզության պատճառը։ Առաջին հերթին կատարվում է սոնոգրաֆիկ քննություն, որևէ ուռուցքային գոյացություն հայտնաբերելու դեպքում կատարվում է համակարգչային շերտագրում ՀՇ կամ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ։ ՀՇ հետազոտությունը հիմնականում կատարվում է ներերակային կոնտրաստ նյութի ներարկմամբ, որի արդյունքում լավանում է հյուսվածքների վիզուալիզացիան։ ՄՌՏ կարող է կիրառվել կոնտրաստ նյութով կամ առանց դրա։

ՄՌՏ հետազոտությունը հիմնականում կիրառվում է շագանակագեղձի քաղցկեղի տարածվածությունը գնահատելու նպատակով – արդյոք ուռուցքային պրոցեսը գտնվում է շագանակագեղձում, թե դուրս է եկել շագանակագեղձի սահմաններից, ինչպես նաև գնահատվում է ոսկրային համակարգի և լիմֆատիկ հանգույցների վիճակը։