Անպտղությունը դա հղիության բացակայությունն է մեկ տարի անպաշտպան սեռական հարաբերությունից հետո։

Զույգերի 15%-ի մոտ (48 միլիոն զույգ) առկա է անպտղություն, որոնց 35%-ի մոտ առկա է միայն իգական գործոն, 30%-ի մոտ միայն արական գործոն, 20%-ի մոտ իգական և արական գործոնի համակցություն և 15% դեպքերում պատճառը մնում է անհայտ։

Առկա է տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության 10 հիմնական պատճառ։ Անպտղության դեպքում որպես այդպիսին ախտանշաններ չեն լինում կամ լինում են թույլ արտահայտված և չեն անհանգստացնում պացիենտին։ Առավել հաճախ տղամարդու անպտղությունը հայտնաբերվում է անհաջող բեղմնավորման փորձերից հետո։

Անպտղությունից խուսափելու նպատակով տղամարդիկ պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ 10 գործոններին՝

1. Գիրություն։ Երբ տղամարդկանց մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)-ը բարձր է 30-ից, այդ դեպքում սերմի որակը կարող է տուժել, քանի որ ճարպային հյուսվածքի ավելցուկը կարող է խախտել անդրոգենների (տեստոստերոն․․․) մետաբոլիզմը։

2. Ծխելը և կախվածություն առաջացնող նյութերը։ Ներշնչած ծուխը և կախվածություն առաջացնող այլ նյութերը զգալի բացասական ազդեցություն են թողնում սերմի որակական հատկանիշների վրա, քանի որ ամորձիներում առկա են նիկոտինային և կանաբինոիդային ընկալիչներ։ Նիկոտինը օրգանիզմում առաջացնում է նյութափոխանակության խանգարում, որը կոչվում է օքսիդատիվ սթրես, որը իր հերթին ազդում է սերմի որակի վրա և նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։
Կոկաինը ևս խաթարում է սպերմատոգենեզը և ազդում է սերմի շարժունակության վրա։ Ծխելը և այլ կախվածություն առաջացնող նյութերի դադարեցումը հանգեցնում է սերմնահեղուկի որակական հատկանիշներից շատերի վերականգնմանը, որը առաջանում է մի քանի ամիս դադարեցնելուց հետո։

3. Ճառագայթում։ Բջջային հեռախոսների ճառագայթող ազդեցությունը անպտղության վրա գիտական աշխարհում բազմաթիվ բանավեճերի առիթ է հանիդսացել։ Միայն մեկ ուսումնասիրություն է զգալի տվյալներ ներկայացրել դրա ազդեցության վերաբերյալ։ Խորհուրդ է տրվում բջջային հեռախոսները հեռու պահել ամորձիներից։

4. Սնուցում։ Հակաօքսիդանտներով հարուստ սնունդը կարող է օգնել պահպանել տղամարդկանց պտղաբերությունը: Հակաօքսիդանտ հատկություններով մթերքների օրինակներ են՝ պանիր(վիտամին A), նարինջ (վիտամին C), արևածաղկի սերմեր (վիտամին E), ձուկ (օմեգա 3), բրոկկոլի (ֆոլաթթու); լոբին նույնպես հակաօքսիդանտ հատկություններ ունի։

5. Սննդային հավելումներ և ստերոիդներ։ Սննդային հավելումները չպետք է օգտագործվեն առանց բժշկի կամ մասնագետի նշանակման, քանի որ պտղաբերության վրա կարող են ունենալ տարբեր ազդեցություն:
Տեստոստերոնի ներարկումները և այլ ստերոիդ պատրաստուկները կարող են լրջորեն վնասել
սպերմատոզոիդների արտադրությանը:

6. Ամորձիների բարձր ջերմաստիճան։ տղամարդու սեռական օրգանները գտնվում են մարմնից դուրս՝ ամորձապարկի մեջ, որտեղ ավելի ցածր ջերմաստիճան է համեմատած որովայնի խոռոչի օրգանների հետ:
Ամորձու ջերմաստիճանի բարձրացումը նույնիսկ 2 կամ 3 աստիճանով կարող է առաջացնել սերմի որակի խանգարումներ: Ռիսկի խմբում են գտնվում՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատող, երկար ժամանակ նստած դիրքում գտնվող, քիփ ներքնազգեստ կրող և ամորձիների շրջանում նոութբուքեր հաճախակի օգտագործող տղամարդիկ։

7. Ինֆեկցիաներ։ Հայտնի է, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (սեռավարակները), ներառյալ գոնորեան, քլամիդիան և ուրեոպլազման կարող են առաջացնել տղամարդու անպտղություն: Այս միկրոօրգանիզմների պատճառով առաջացած սեռական օրգանների բորբոքումները նպաստում են սերմի որակի փոփոխությանը, մինչդեռ այդ վարակների ծանր և քրոնիկական դեպքերը կարող են առաջացնել սերմնատար ուղիների խցանումներ (օբստրուկցիա): Սեռավարակի ցանկացած նշան պետք է ախտորոշվի և ադեկվատ բուժվի հակաբիոտիկներով:

8. Սեռական օրգանների վնասվածքներ։ Ամորձիների վնասվածքների դեպքում պետք է բժշկի դիմել առանց հապաղելու: Տղամարդիկ պետք է չափազանց զգույշ լինեն սպորտով զբաղվելիս, հատկապես այն դեպքերում, երբ ամորձիները պատշաճ կերպով պաշտպանված չեն՝ մարտարվեստ, հեծանվավազք, ձիավարություն:

9. Վարիկոցելե։ Սա սերմնալարային երակների լայնացումն է, որի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը և բացասաբար ազդում սերմի որակի վրա: Տղամարդկային անպտղության դեպքում ստանդարտ հետազոտությունների մաս է կազմում փոշտի (ամորձիներ) սոնոգրաֆիան, որը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել վարիկոցելեի առկայությունը։

10. Տարիք։ Այն ենթադրությունը, որ տղամարդիկ կարող են վերարտադրվել մինչև մեծ տարիքը,
բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 35-ից հետո տղամարդկանց վերարտադրողական ունակությունները կտրուկ նվազում են:
50 տարեկանից հետո երեխա ունենալու դեպքում զգալիորեն հավանական է, որ երեխան կունենա այնպիսի հիվանդություններ՝ ինչպիսիք են Դաունի համախտանիշ, նեյրոֆիբրոմատոզ, աուտիզմ և Կլայնֆելտերի համախտանիշ:

Անպտղության խնդիրները վաղ հայտնաբերելու նպատակով խորհուրդ է տրվում կատարել սերմի որակական հետազոտություն (սպերմոգրամա) և սերմի բակտերիոլոգիական հետազոտություն։