Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայումս մոլորակի վրա կա մոտ 422 միլիոն շաքարային դիաբետով հիվանդ և նրանց թիվը աստիճանաբար աճում է։
Շաքարային դիաբետը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի վրա, այդ թվում միզասեռական համակարգի: Մի կողմից՝ ածխաջրերի նյութափոխանակության դեկոմպենսացիայի պատճառով շաքարային դիաբետով հիվանդների մոտ զարգանում է նեյրոպաթիա,վասկուլոպաթիա, ինչը հանգեցնում է հիմնականում ֆունկցիոնալ խանգարումների,մյուս կողմից՝ շաքարային դիաբետը պատճառ է հանդիսանում միզասեռական համակարգի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների զարգացմանը:
Անատոմիական առանձնահատկություններից ելնելով շաքարային դիաբետի ազդեցությունը կանանց և տղամարդկանց միզուղիների վրա տարբեր է,սակայն անկախ սեռից այդ խնդիրները կարող են կտրուկ ազդել կյանքի որակի վրա:
Շաքարային դիաբետի հետևանքով միզասեռական համակարգի կողմից առաջացած բարդություններն են՝
- միզապարկի դիսֆունկցիա
- միզուղիների ինֆեկցիաներ
- սեռական դիսֆունկցիա
- երիկամային հիվանդություններ
Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ շաքարային դիաբետով հիվանդների կեսից ավելին ունենում է միզապարկի դիսֆունկցիա, որն իր հերթին ունենում է տարբեր դրսևորումներ` հիպերակտիվ միզապարկ, որի ժամանակ միզապարկի մկանները սկսում են ակամա կծկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեզի պարունակությունը միզապարկում աննշան է: Սա հանգեցնում է միզարձակության վերահսկողության կորստի և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ:
Պոլիուրիա, որը օրական մեզի քանակի զգալի ավելացումն է (ավելի քան 3լ): Գիշերային հաճախամիզություն միզուղիների ինֆեկցիաները շաքարային դիաբետ ունեցողների մոտ ունենում են բարդ ընթացք և հաճախակի սրացումներ։ Հարուցիչը, որն առաջացնում է միզուղիների բորբոքում, որպես կանոն ունենում է բարձր կայունություն հակաբիոտիկների նկատմամբ:
Հիմնական ռիսկի գործոններից է՝
- տարիքը,
- մետաբոլիկ փոփոխությունները,
- շաքարային դիաբետի հետևանքով առաջացած այլ բարդությունները։
Շաքարային դիաբետի ֆոնին առաջացած ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություններն են՝ պիելոնեֆրիտը,ցիստիտը, պրոստատիտը և բալանոպոստիտը։
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետի տիպիկ նեյրոգեն և անոթային բարդություններերից է էրեկտիլ դիսֆունկցիան։ Հաստատվել է, որ էրեկտիլ դիսֆունկցիան շաքարային դիաբետի ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական բարդություններից է։ Այն հանդիպում է շաքարային դիաբետ ունեցող տղամարդկանց 50-60%-ի մոտ։
Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառագիտությունը բազմագործոն է`
- էնդոկրին համակարգի խանգարումներ,
- անոթային խանգարումներ,
- շաքարային դիաբետի դեկոմպենսացիա,
- նեյրոպաթիա,
- փսիխոգեն գործոններ։
Դիաբետիկ նեֆրոպաթիա քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում է շաքարային դիաբետ: Շաքարային դիաբետ ունեցող ամեն 4-րդ հիվանդի մոտ զարգանում է երիկամային անբավարարություն, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա: Դիաբետիկ նեֆրոպաթիայի դեպքում առաջանում է երիկամի ֆունկցիոնալ մասնիկների (նեֆրոն) վնասում:
Երիկամներում առկա են միլլիոնից ավել նեֆրոններ, որտեղ առկա են արյունատար անոթներ, որոնք կոչվում են գլոմերուլներ: Գլոմերուլների միջով անցնում է արյունը և ֆիլտրացիայի ենթարկվում, որից հետո արդեն ֆիլտրված արյունը անցնում է արյան հուն, իսկ վնասակար նյութերը մեզի միջոցով դուրս են բերվում:
Այն դեպքում, երբ նեֆրոնները վնասված են լինում շաքարային դիաբետի հետևանքով, այդ վնասակար նյութերը դուրս չեն բերվում երիկամներով և կուտակվում են օրգանիզմում: Քրոնիկ Երիկամային անբավարարության սկզբնական փուլերում հիվանդների գանգատները նշանակալի չեն լինում և միայն այն դեպքերում, երբ առկա է լինում արտահայտված ազոտեմիա հիվանդների մոտ գանգատները դառնում են զգալի և տեսանելի: