Ֆիմոզ -ը իրավիճակ է, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել կամ դժվարությամբ է հետ քաշվում: Այս երևույթը կարող է ուղեկցվել միզարձակության խանգարմամբ, ցավով, բորբոքմամբ: Տարբերում ենք առաջնային(ֆիզիոլոգիական) և երկրորդային(պաթոլոգիկ) ֆիմոզ:
Երեխաները ծնվում են ֆիզիոլոգիական ֆիմոզով, որի պատճառը անդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև առկա կպումներն են, որոնք մեծամասնության մոտ ինքնուրույն վերանում են 5-7 տարեկան հասակում: Երկրորդային (ձեռքբերովի) ֆիմոզը առաջանում է ինֆեկցիաների առկայության, բորբոքման և սպիացման հետևանքով:
Բուժման բացակայության դեպքում ֆիմոզը կարող է առաջացնել հետևյալ բարդությունները՝
- Պարաֆիմոզ – առնանդամի գլխիկի օղակումն է մաշկի ծալքերով, երբ ֆիմոզ ունեցող պացիենտը փորձ է կատարում անդամի գլխիկը բացել: Պարաֆիմոզը անհետաձգելի վիճակ է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն: Պարաֆիմոզի դեպքում խանգարվում է անդամի գլխիկի արյունամատակարարումը, գլխիկը դառնում է այտուցված և ստանում է կապտավուն երանգ, պարաֆիմոզի խորացման դեպքում արյունամատակարարումը ավելի է վատանում և կարող է առաջացնել անդամի գլխիկի մեռուկացում:
- Միզարձակության խանգարում – արտահայտված նեղացման դեպքում մեզի շիթը կարող է թուլանալ և առաջացնել դժվարամիզություն:
- Միզուղիների բորբոքում – առնանդամի գլխիկը պետք է մաքուր պահել: Ֆիմոզի դեպքում հնարավոր չէ պատշաճ մաքրություն ապահովել, որը իր հերթին նպաստում է բորբոքմանը:
- Սեռական կյանքի խանգարումներ
Բուժումը հիմնականում վիրահատական է և կատարվում է թլպատում: Թլպատված մարդիկ սեռավարակների նկատմամբ լինում են ավելի քիչ ընկալունակ, քանի որ խոնավ միջավայրը ինֆեկցիաների փոխանցման համար նպաստավոր գործոն է համարվում: Թլպատումը նվազեցնում է նաև առնանդամի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ֆիմոզ-Թլպատում/ Phimosis-Circumcision/ Фимоз-Циркумцизия