Միզուղիների ինֆեկցիա տերմինը վերաբերվում է մի շարք կլինիկական իրավիճակների՝ սկսյալ անախտանիշ բակտերիուրիայից մինչ երիկամների արտահայտված թարախային բորբոքումներ, որոնք կարող են ավարտվել սեպսիսով (արյան վարակում)։ Միզուղիների ինֆեկցիաները գտնվում են ամենատարածված ինֆեկցիոն հիվանդությունների շարքում՝ համարվելով զգալի հոգս հասարակության համար։ Հայտնի է միզասեռական համակարգ մանրէների ներթափանցման 4 եղանակ։ Ընդունված է ասել, որ միզուկում գտնվող բակտերիաների վերելակ թափանցումը դեպի միզային համակարգ՝ առաջացնում է միզուղիների ինֆեկցիաների դեպքերի ճնշող մեծամասնությունը։

Պիելոնեֆրիտներ

Պիելոնեֆրիտների (երիկամի բորբոքում) մեծ մասը առաջացնում
են միզապարկից միզածորանով դեպի երիկամ թափանցած հարուցիչները։ Հետևաբար կանացի կարճ միզուկը և վերջինիս հեշտոցամուտքին և հետանցքին ֆիզիկապես մոտ գտնվելը բերում են կանանց մոտ միզուղիների ինֆեկցիաների ավելի բարձր հաճախականության։

Մանրէների ներթափանցման այլ ուղիները միզային համակարգ շատ ավելի հազվադեպ են լինում: Հեմատոգեն (արյան միջոցով) տարածումը կարող է պատահել իմունային խնդիրներ ունեցող մեծահասակների և նորածինների մոտ։ Այս եղանակով տարածվող մանրէներից պետք է նշել Staphylococcus aureus, Candida և Mycobacterium tuberculosis։ Հայտնի է նաև, որ միզուղիների ինֆեկցիաների հարուցիչները կարող են տարածվել ավշային ճանապարհով՝ աղիքային և հարմիզածորանային ավշային ուղիներով, սակայն հավաստի տվյալներ չկան, որոնք թույլ կտան պնդել, որ այս եղանակը փոքրիշատե նշանակալի դեր է կատարում միզուղիների ինֆեկցիաների զարգացման գործում։ (միզուղիների ինֆեկցիա)

Մանրէների ուղիղ թափանցումը հարակից օրգաններից դեպի միզային համակարգ կարող է լինել ներորովայնային թարախակույտերի, միզապարկ-աղիքային կամ միզապարկ-հեշտոցային խուղակների դեպքում։ Շագանակագեղձի կամ երիկամի ոչ լիարժեք բուժված ինֆեկցիաները կարող են տարածվել միզուղիների այլ հատվածներ։
Միզուղիների ինֆեկցիաների զարգացման գործում մեծ դեր ունեն ուրոդինամիկայի-մեզի դուրս բերման խանգարումները: Մեզի արտահոսքի խանգարումը, ռեֆլյուքսը կարող են նպաստել մանրէների աճին և ինֆեկցիայի զարգացմանը: Հետևաբար ցանկացած անատոմիական արատ, որը խանգարում է մեզի արտահոսքին, բարձրացնում է միզուղիների ինֆեկցիաների զարգացման հավանականությունը: Այսպիսի խանգարումներից են օբստրուկտիվ (խցանող) վիճակները՝ միզաքարային հիվանդությունը, ուռուցքային գոյացությունները, շաքարային դիաբետը և հղիությունը: Միզուղիներում օտար մարմնի առկայությունը, ինչպիսին են՝ քարերը, կաթետերները և սթենտները նպաստում են ինֆեկցիայի զարգացմանը: (միզուղիների ինֆեկցիա)

Առաջացման պատճառները (միզուղիների ինֆեկցիա)

Միզուղիների ինֆեկցիաները հիմնականում առաջանում են մեկ մանրէի՝ միզուղիներ ներթափանցման արդյունքում։ Չբարդացած ցիստիտների և պիելոնեֆրիտների 80%-ը պայմանավորված են O շճատեսակի Escherichia coli(աղիքային ցուպիկ) հարուցիչով։ Ավելի հազվադեպ միզուղիների ինֆեկցիաներ առաջացնում են` Klebsiella, Proteus և Enterobacter տեսակի հարուցիչները։ Նոզոկոմեալ հարուցիչները ներառում են նաև Pseudomonas և Staphylococcus տեսակի մանրէները։ Staphylococcus aureus հարուցիչը հաճախ տարածվում է հեմատոգեն (արյան միջոցով) ճանապարհով։ Հղի կանանց մոտ միզուղիների ինֆեկցիաների հաճախ պատճառ են հանդիսանում B խմբի β հեմոլիտիկ ստրեպտոկոկերը։ Երեխաների մոտ հաճախ հանդիպում են՝ Klebsiella և Enterobacter հարուցիչները։ Հարմիզուկային գոտում հաճախ պատահում են անաէրոբներ, լակտոբացիլներ, կորինոբակտերիաներ և Staphylococcus epidermis տեսակի մանրէներ։ (միզուղիների ինֆեկցիա)

Ախտորոշում

Միզուղիների ինֆեկցիաների ախտորոշումը իրականացվում է մեզի ընդհանուր և բակտերիոլոգիական քննությամբ: Մեզի ընդհանուր քննությունը հնարավորություն է ընձեռում շատ արագ հայտնաբերել միզուղիների ինֆեկցիաները:

Մեզի մանրադիտակային հետազոտությունը կատարվում է մեզի ցենտրիֆուգումից հետո: Մեզի միջի նիտրիտները և էսթերազները, որոնք լեյկոցիտների քայքայման և բակտերիաների կենսագործունեության արդյունք են, կարելի է հայտնաբերել դիփստիք թեստերի օգնությամբ: Ավելի քան երեք լեյկոցիտի առկայությունը խոսում է հնարավոր ինֆեկցիայի մասին: Միզուղիների ինֆեկցիաների հայտնաբերման <<ոսկեչափանիշը>> մեզում բակտերիաներիքանակական գնահատականն է: Մեզի նմուշը պետք է վերցնել մանրէազերծ ամանի մեջ և հետազոտությունը պետք է
իրականացվի հնարավորինս շուտ:

Ախտանիշ (միզուղիների ինֆեկցիա)

Միզուղիների ինֆեկցիաների դեպքում հաճախ լինում է է ջերմության բարձրացում: Ջերմության բարձրացումը բնորոշ է պիելոնեֆրիտին (երիկամի բորբոքում), պրոստատիտին (շագանակագեղձի բորբոքում) և օրխոէպիդիմիտին (ամորձու և մակամորձու բորբոքում), սակայն ջերմության բարձրացումը բնորոշ չէ ցիստիտին (միզապարկի բորբոքում):

Բորբոքման ժամանակ հիվանդի մոտ կարող է լինել ցավ, որը կարող է տեղակայված լինել գոտկային շրջանում երիկամի բորբոքման ժամանակ, ցայլային սիմֆիզի հատվածում միզապարկի բորբոքման ժամանակ, շագանակագեղձի բորբոքման ժամանակ ցավը կարող է տեղակայված լինել՝ թե ցայլային սիմֆիզի, թե շեքի շրջանում և ամորձու, մակամորձու բորբոքման ժամանակ ցավը տեղակայված է լինում փոշտում (ամորձապարկ)։ (միզուղիների ինֆեկցիա)

Անհրաժեշտության դեպքում իրականացվում են գործիքային հետազոտություններ: Ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է ոչ ինվազիվ և արագ միջոց հնարավոր բորբոքային օջախը հայտնաբերելու համար, որոշ բարդացած դեպքերում կատարվում է համակարգչային շերտագրում կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: (միզուղիների ինֆեկցիա)

ՈՒՐՈԼՈԳ, ԱՆԴՐՈԼՈԳ, ՕՆԿՈՈՒՐՈԼՈԳ ԱԶԱՏ ՀԱՅԿԱԶԻ ՉԱԽՈՅԱՆ