Վաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեռական խնդիրներից է, որը հանդիպում է 40 տարեկանից երիտասարդ տղամարդկանց 30-70%-ի մոտ։ Վաղաժամ սերմնաժայթքում կարող է լինել ձեռքբերովի և մշտական։

Մշտական վաղաժամ սերմնաժայթքման դեպքում պացիենտի մոտ վաղաժամ սերմնաժայթքումը եղել է առաջին և հաջորդող սեռական հարաբերությունների դեպքում։
Ձեռքբերովի վաղաժամ սերմնաժայթքման դեպքում պացիենտը նախկինում ունեցել է նորմալ տևողությամբ սեռական հարաբերություններ և վաղաժամ սերմնաժայթքումը զարգացել է որոշ գործոնների հետևանքով։

2014 թվականին Սեռական Բժշկության Միջազգային Միությունը հրապարակեց վաղաժամ սերմնաժայթքման վերաբերյալ միասնական սահմանումը, որը ներառում է հետևյալ չափանիշները՝

  1. Սերմնաժայթքումը որը լինում է մինչև սեռական ակտի սկսելը կամ հեշտոցային ներթափանցումից հետո 1 րոպեի ընթացքում համարվում է մշտական վաղաժամ սերմնաժայթքում։
    Ձեռքբերովի վաղաժամ սերմնաժայթքմանը բնորոշ է ավելի երկար տևողություն մինչև 3 րոպե։
  2. Սերմնաժայթքումը հետաձգելու անկարողություն բոլոր կամ գրեթե բոլոր հեշտոցային ներթափանցումների ժամանակ։
  3. Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է առաջացնել բացասական անհատական հետևանքներ, ինչպիսիք են անհանգստություն, մտահոգություն, հիասթափություն, և/կամ սեռական հարաբերություններից խուսափում։

Վաղաժամ սերմնաժայթքում բազմագործոն խնդիր է և պատճառները ամբողջությամբ պարզված չեն։

Ենթադրվում է, որ վաղաժամ սերմնաժայթքումը հոգեբանական խնդիր է և չի ներկայացնում որևէ օրգանական հիվանդություն։ Հիմնական հոգեբանական պատճառներից են՝ ոչ կանոնավոր սեռական կյանք, սեռական ակտը սկսելուց վախի և անհանգստության զգացողություն, սեռական զուգընկերուհու չափից դուրս սեքսուալ պահվածք։

Օրգանական պատճառներից կարող են լինել՝ շագանակագեղձի բորբոքային հիվանդությունները, որոնց դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի նյարդավորման խանգարում։ Սեռական անդամի (գլխիկի) հիպերզգայունությունը հանդիսանում է վաղաժամ սերմնաժայթքման տարածված պատճառներից մեկը։

Բուժում

Տարածում գտած բնական բուժման մեթոդներից է՝ Masters and Johnson-ի սանձիկի հատվածում սեղմելու և սպասելու մեթոդը (squeeze-pause technique), որի դեպքում սերմնաժայթքման ցանկության դեպքում անդամը դուրս է հանվում հեշտոցից սեղմվում է ցուցամատով և բութ մատով մոտ 5 վայրկյան, որից հետո անհրաժեշտ է սպասել շուրջ 30 վայրկյան, որից հետո կարելի է շարունակել սեռական հարաբերությունը։

Անդամի գլխիկի հիպերզգայունության նվազեցման համար օգտագործվում են անզգայացնող միջոցներ, որոնցից է լիդոկայինի ցողաշիթը (спрей)։ Այն դեպքերում երբ լիդոկայինի կիրառումը անհարմարություններ է պատճառում, կարելի է իրականացնել վիրահատական բուժում ՝ թլպատում, որի ժամանակ անդամի ծայրային կաշին հեռացվում է, անդամի գլխիկը մնում է բաց վիճակում։ Արդյունքում անդամի գլխիկի հիպերզգայունությունը նվազում է, որը իր հերթին նպաստում է սեռական հարաբերության տևողության երկարացմանը։

Վաղաժամ սերմնաժայթքման դեպքում անհրաժեշտ է մանրամասն զրուցել խնդրի մասին և գտնել համապատասխան բուժման տարբերակներ, ինչպիսիք են՝ դեղորայքային, հոգեբանական աջակցություն, ֆիզիոթերապիա և/կամ վիրահատական բուժում։